ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ

Comments: Comments Off

Վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը իրավամբ համարվում է Ռ. Շտայները, որը միաժամանակ հանդիսանում է անտրոպոսոֆիայի (կտտացնել  “Անտրոպոսոֆիա” կայքէջը)  հիմնադիրը: Վալդորֆյան դպրոցներում որևէ ձևով անտրոպոսոֆիան դասավանդվո՞ւմ է:

Անմիջապես  ասենք՝ վալդորֆյան մանկավարժությունն ուղղորդված է նախապաշարումներով  ու դոգմաներով չկաշկանդված ազատ անհատի դաստիարակությանը՝ անհատ, որն ինքն է ընտրում իր կյանքի ուղին ու ինքնուրույն որոշում կենսական պրիորիտետները: Նախօրոք թելադրված գաղափարական  ոչ մի հրահանգավորումների ու թելադրանքների մասին խոսք լինել չի կարող: Այսինքն՝ անտրոպոսոֆիան որևէ ձևով չի կարող  դասավանդվել վալդորֆյան դպրոցի շրջանակում: Այդ դպրոցների առջև նման նպատակ երբեք  չի դրվել:

Այսպիսով՝ վալդորֆյան մանկավարժությունը հանդիսանում է առանձնահատուկ մեթոդ, այսինքն դասավանդման ձև, բայց երբեք ոչ բովանդակություն:  Աշակերտներին դասավանդվում են սովորական դպրոցների նույն առարկաները: Սրանց գումարվում են որոշ հատուկ առարկաներ (կտտացնել  ՙԴասավանդման ծրագիր՚ կայքէջը)  ու կատարվում են առանձնակի շեշտադրումներ, որոնք զուտ մանկավարժական նկատառումներ ունեն և իրենց արդարացրել են: Վալդորֆյան մանկավարժության բովանդակությունը պետության կողմից հաստատված և ընդունած վալդորֆյան ուսումնական ծրագիրն է (կտտացնել  “Հայկական վալդորֆյան դպրոցների ծրագիր” կամ “Ռուսական վալդորֆյան դպրոցների ծրագիր” կայքէջերը):

 

Վալդորֆյան դպրոցները աղանդավորակա՞ն են կամ աղանդավորության հետ  առնչություններ ունե՞ն:

Այս հարցը, ակտիվորեն բազմացող  զանազան աղանդների, մարդկանց հոգևորսության, մանիպուլյատիվ  տեխնոլոգիաների  ակնհայտ կամ թաքուն զարգացման և այլնի համապատկերում   իրավացիորեն ծագում է շատ ծնողների մոտ: Նրանց բնական անհանգստությունը նաև բարենպաստ հող է ստեղծում այն հերյուրանքների համար, որոնք տարածում են չարակամները կամ ուղղակի անտեղյակները: Ահա թե ինչու սոցիալական գործունեության՝ ինչպես մանկավարժության, այնպես էլ տարբեր այլ ոլորտներում ոչ ավանդական մոտեցումներն ու լուծման փորձերը հեշտությամբ հարուցում են ինչ-որ բան “այնպես” չլինելու վախ ու կասկած: Դեռ լավ է, եթե մարդու մտքում հարց է ծագում, որին նա իրավունք ունի ադեկվատ պատասխան ակնկալելու, այլ ոչ թե նախապաշարում, որն իսկույն ևեթ փակում է դեռ չարծարծված թեման:

Մեր ազգային առանձնահատկությունը առողջ պահպանողականություն ծնած ավանդականությունն է ու կապը ավանդական արժեքների հետ, որոնց վրա հարյուրամյակներ շարունակ հենվել է մեր ժողովրդի ինքնագիտակցությունը: Ու չնայած ժամանակակից հասարակությունում ավանդական կապերը թուլանում են, այնուամենայնիվ մեզանում դրանք բավանանաչափ ամուր են ու որոշ առումով պատնեշում են արտաքին ազդեցությունները, որոնք, ինչ խոսք, միշտ չէ, որ միանշանակ դրական են: Այս համապատկերում արտաքին համակարգերից ստացված յուրաքանչյուր նորամուծություն,  հատկապես, եթե ունի արժեքային-աշխարհահայացքային բնույթ, հաճախ ընդունվում է  հակակրանքով,  աղանդավորության ապրիորի  կասկածներով: Ահա թե ինչու մեր հասարակությունում սովորականից հաճախ են նման մեղադրանքներ հնչում:

Ցավոք, դրանից մեր դպրոցն էլ չկարողացավ խուսափել: Ժամանակին մենք ստիպված եղանք պայքարել չարակամների դեմ, որոնք թեթև ձեռքով վճռեցին դպրոցին և կիրառվող մեթոդին ՙաղանդավորություն՚ պիտակը փակցնել: ՙԱրեգնազանը՚   կարողացավ  պաշտպանվել ու ապացուցել, որ վալդորֆյան մանկավարժությունը  ցանկացած բնույթի աղանդավորության հետ ամենաչնչին առնչությունն իսկ չունի: Վալդորֆյան մանկավարժության թշնամիների կոպիտ գռեհկացումները, անտեղյակությունն ու  անիրազեկությունը մեկ անգամ չէ որ ի ցույց են դրվել: Այնուամենայնիվ պիտակների ու կարծրատիպերի կպչունությունը բոլորին քաջ  հայտնի է: Մարդիկ, ըստ էության չիմանալով, թե ինչի մասին է խոսքը, ինչ-որ ժամանակ ինչ-որ բան լսած լինելով, վախվխելով տալիս են վերևում ձևակերպված հարցը:

Ուշագրավ է, որ այդքան տարիների ընթացքում (Երևանի “Արեգնազան” կրթահամալիրը փաստորեն 16 տարեկան է) դպրոցը  աղանդավորության տարածման մեջ  մեղադրել փորձողների մեջ ոչ մի ծնող չի եղել: “Արեգնազանը”  արդեն ութ ուսումնական տարի ունեցել է շրջանավարտներ (կտտացնել  “Դպրոցի շրջանավարտները” կայքէջը), այսինքն մոտ 160 աշակերտներ  հաջողությամբ ավարտել են դպրոցը, մեծ մասամբ իրենց ուսումը շարունակել բուհերում ու որևէ կրոնական կամ աղանդավորական հակումներ ի հայտ չեն բերել: Այս համապատկերում միանշանակ ակնհայտ է դառնում դպրոցը վարկաբեկել փորձողների անձական, մանրախնդիր շահագրգռվածությունը: Ընդ որում նրանցից ոչ մեկը չի բարեհաճել գոնե մի անգամ այցելել “Արեգնազան”, հանդիպել ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին,  դասերին ներկա լինել՝ այսինքն հանդես գալ որպես ՙ վալդորֆյան դպրոց՚ երևույթի ազնիվ ու անշահախնդիր    պրպտող:

Առավել  համոզվածության համար Երևանի “Արեգնազան”  դպրոցը (այն ժամանակ այն իրենից առանձին դասարաններ էր ներկայացնում Գարեգին Հովսեփյանի անվան թիվ 30 դպրոցի շրջանակներում) իր ժամանակին դիմել էր գերմանական դեսպանություն և խնդրել մանկխորհրդին տրամադրել համապատասխան բացատրական փաստաթուղթ, որը մենք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը (գերմաներեն բնագիրը ներկայացվում այստեղ):

 

Գերմանական դեսպանության առաջընթեր  էջ
Երևան, 8-ը սեպտեմբերի, 2000 թ.
Հայաստանում ԳՖՀ-ի դեսպանություն

Հարգելի տիկնայք ու պարոնայք,
Ձեր՝ 2000 թվականին սեպտեմբերի 7-ի հարցման կապակցությամբ հայտնում եմ Ձեզ, որ առաջին վալդորֆյան դպրոցները ստեղծվել են ներկա դարի սկզբում Շտուտգարդում ու  նրա մարզում (Գերմանիա): Այն ժամանակվա նպատակը բանվորական միջավայրի երեխաներին նույնպես կրթության հնարավորություն  տալն է եղել: Պետության սահմանած  ուսումնական նպատակներին զուգահեռ այստեղ ուշադրություն է դարձվում երեխաների՝ արվեստների ու արհեստների բնագավառներում կարողությունների զարգացմանը:

Այսօր վալդորֆյան դպրոցներ գործում են ամբողջ աշխարհում՝ ավելի քան 50 երկրներում: Միայն Գերմանիայում նման դպրոցների թիվը, որոնք գտնվում են մասնավոր ոլորտում, հասնում է 200-ի: Վերջինները պետական աջակցություն են ստանում: Հիմնական  դպրոցի (աբիտուրա) ավարտական վկայականը պետությունն ընդունում է: Ուսումնական նպատակները համապատասխանում են գերմանական երկրների մշակույթների նախարարությունների սահմանած չափորոշիչներին:

Վալդորֆյան դպրոցները որևէ գաղափարախոսական կամ կրոնական նպատակ չեն հետապնդում: Այդ դպրոցներում խոսքը նախ և առաջ դասավանդման առանձնահատուկ մեթոդական-դիդակտիկական  ձևերին է  վերաբերում:  Դրանից բացի՝ վալդորֆյան դպրոցները հանդիսանում են Եվրոխորհրդարանին կից կրթական համակարգում՝ հանուն ազատության եվրոպական ներկայացուցչական ժողովի համահիմնադիրները:

Հույս ունեմ, որ սույն տեղեկանքը կօգնի Ձեզ: Հարցեր ծագելու դեպքում ցանկացած ժամանակ Ձեր տրամադրության տակ եմ:

Բարեկամական ողջույններով՝
Հանձնարարությամբ
Դեսպանության երրորդ քարտուղար՝
Ուտե Ավերեշ:

Ստորագրություն, կնիք

Ասվածն ամփոփենք, խոսքը տալով  հայ մտավորականության ներկայացուցիչներին, որոնց դժվար է մեղադրել աղանդավորության կամ ազգային շահերի դավաճանության մեջ:

2001 թ.-ի հունիսի 13-ին “Նովոյե վրեմյա” թերթում ռուսերեն և հունիսի 16-ին “Առավոտ” թերթում հայերեն՝ “Նորին միշտ ել վիճակված է “փշե ճանապար” խորագրով՝ ի պաշտպանություն վալդորֆյան մանկավարժության տպագրվել է հոդված՝ գիտության ու մշակույթի գործիչների բաց նամակը: Այստեղ (կտտացնել) կարող եք ծանոթանալ նամակի հետ:

 

Ի՞նչ կապ կա մարդաիմացաբանության ու վալդորֆյան մանկավարժության միջև:

Վալդորֆյան մանկավարժությունը բիոդինամիկայի, էվռիթմիայի, անտրոպոսոֆական բժշկության (Գերմանիայում նման բազմաթիվ հիվանդանոցներ են գործում, օրինակ Ֆիլդերշտատում՝ www.filderklinik.de) բանկային գործի (GLS բանկը ԳՖՀ-ում. www.gls.de) բուժական մանկավարժության, արտասանական  ու դրամատիկական արվեստների (Միխայիլ Չեխովի համակարգը),  ֆիրմաների (օրինակ՝ Հոլանդիայի ՙNPI-ի՝ կազմակերպված զարգացման ինստիտուտի՚) սոցիալական ու  կոնֆլիկտային խորհրդատվության ծառայությունների և  այլ ասպարեզների հետ մեկտեղ հանդիսանում է Ռ. Շտայների ամբողջ կյանքի կամ երկար  տարիների արդյունավետ գործունեության արգասիքն ու  հիմնվում է նրա ավելի քան 30 գրքերում ու բազմաթիվ դասախոսություններում արտացոլված գաղափարների, մարդասիրական աշխարհայացքի վրա: Նրա սկզբնավորած իմացաբանության նոր ուղղության՝ “անտրոպոսոֆիա” (կտտացնել) բառի իմաստը՝  որ ինքն է առաջարկել՝ նշանակում է իմաստություն մարդու մասին:

 

Վալդորֆյան դպրոցները հանդիսանո՞ւմ են առաջին հերթին հետ մնացող կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաների  կրթարաններ:

Նախքան  պատասխանելը, մենք միշտ ձգտում ենք հասկանալ դրդապատճառները, որոնք  նման հարց են ծնում: Նախ՝  վալդորֆյան մանկավարժությունը ոչ թե  առավելություն, ավելի շուտ վնասակար  է համարում սովորական, հատկապես տարրական դպրոցների աշակերտների վաղ և արագացված  ինտելլեկտուալիզացումը,  ուստի գիտակցաբար՝ արհեստականորեն դանդաղեցնում է զուտ ինտելլեկկտուալ ձևով առարկաների դասավանդումը: Այդ պատճառով  վալդորֆյան դպրոցների աշակերտները, ձևական գիտելիքների կուտակման առումով կարող են ժամանակավորապես, մասամբ հետ մնալ ավանդական դպրոցի աշակերտներից, նրանցից առաջ անցնելով այլ ասպարեզներում: Փորձը ցույց է տալիս, սակայն, որ այդ հետ մնալը հետագայում լիովին արդարացնում է իրեն (նայի “Դպրոցի շրջանավարտները” կայքէջը):

Բացի դրանից, ելնելով մարդասիրական սկզբունքներից, վալդորֆյան դպրոցները հաճախ գործում են ինտեգրատիվ մանկավարժության սկզբունքով՝ տարբեր դասարաններ ընդունելով մտավոր թեթև հետամնացությամբ սահմանափակ թվով երեխաների, որոնք հատուկ բուժական մանկավարժության մոտեցման կարիք են ունենում: Ինտեգրատիվ  մոտեցումը ավելի հաճախ կիրառվում է այն երկրներում, որտեղ չեն բավականացնում զուտ բուժմանկավարժական հաստատությունները: Որոշ դպրոցներ ինտեգրատիվ  մանկավարժության մեթոդները կիրառում են բացառապես դաստիարակչական նպատակներով, առողջ երեխաներին սովորեցնելով ճիշտ, մարդասիրական մոտեցում ցուցաբերել հետ մնացող երեխաների նկատմամբ, նրանց օգնել: Այդպիսի հետ մնացող 2-3 աշակերտների առկայությունը յուրաքանչյուր վալդորֆյան դասարանում կարող է կողմակի մարդկանց թյուրիմացության մեջ գցել ու սխալ եզրակացության հանգեցնել:

Եվ վերջապես՝ նման թյուր պատկերացման առաջացման հնարավոր երրորդ պատճառը: Վալդորֆյան դպրոցները հաճախ ընդունվում են մշակույթի ոլորտի՝ այնպիսի ընտանիքների երեխաներ, որտեղ դեռևս գնահատվում է հումանիտար և հումանիստական  դաստիարակությունը: Այդ ընտանիքների երեխաները սովորաբար  գնում են ծնողների հետքերով: Դրա համար վալդորֆյան դպրոցներում համեմատաբար մեծ է հումանիտար մասնագիտություններ ընտրող  աշակերտների տեսակարար կշիռը: Ժամանակակից հասարակությունում հումանիտար առարկաները երբեմն  համարվում են ուղեկցող, որպես կանոն, իսկ որպես հիմնական ընդունվում են ճշգրիտ ու բնական գիտությունները: Այս համապատկերում տարրական, մասամբ էլ միջնակարգ դպրոցներում շեշտը անհատականությունը ձևավորող հումանիստական առարկաների վրա դնելը կարող է դպրոցական ուսուցման մասին անլրջության  ու չափից ավելի պարզեցվածության   սխալ տպավորություն ստեղծել (որը առանձին մասնավոր դեպքերում իրոք կարող է որպես թերություն գոյություն  ունենալ):

Ամփոփագիր

Այսպիսով, վալդորֆյան դպրոցները նորմալ երեխաների համար դաստիարակության առանձնահատուկ մեթոդիկայով նորմալ դպրոցներ են, որոնք չեն ձգտում ուսուցման վաղ ինտելեկտուալիզացիայից: Ելնելով մարդասիրական ու մանկավարժական նկատառումներից՝ այդ դպրոցի ինտեգրատիվ դասարանները կարող են հաճախել մտավոր թեթև հետամնացությամբ երեխաներ: Վալդորֆյան դպրոցներում ուժեղացված է հումանիտար առարկաների դասավանդումը:

Pages