Ընդհանուր տեղեկություններ

Comments: No Comments

“Արեգնազան” կրթահամալիրը` որպես վալդորֆյան այլընտրանքային ուսուցման մեթոդով ինքնուրույն մասնավոր դպրոց, փաստորեն, ծնվել է միայն 2005 թ.-ի  դեկտեմբերի 1-ին` պետական արտոնագիր ստանալու օրը: 2007 թ.-ի նոյեմբերի 23-ին դպրոցը ՀՀ Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ պայմանագրի հիման վրա ձևավորվեց` պետության կողմից ստանալով վերոնշյալ մասնաշենքը  վարձակալական օգտագործման իրավունքով 30 տարի ժամկետով:

Ձեռք բերելով 2005թ. ինքնուրույնություն՝ դպրոցը անսպասելի նվեր ունեցավ. բոլորի համար լիովին անակնկալ ի հայտ եկավ անանուն բարերար, որը, մի կողմից տեսնելով դպրոցի տեղ-տեղ անմխիթար շենքային  վիճակը, մյուս կողմից առողջ էությունը, որոշեց վերացնել այդ անարդարացի հակասությունը: Մեծ մասամբ այդ բարերարի, ինչպես նաև իր բոլոր բարեկամների ջանքերով դպրոցն ստացավ այսօրվա կոկիկ ու հաճելի տեսքը:

“Արեգնազան” կրթահամալիրը կամ Երևանի վալդորֆյան դպրոցը իրավազոր մասնավոր ուսումնական հաստատություն  է, որի 11 (հաջորդ ուսումնական տարվանից կդառնա 12) դասարաններ հաճախում են 260 աշակերտներ, որոնց դասավանդում են 30-ից ավելի մանկավարժներ: 12 տարվա ուսումնական համակարգի անցնելու կապակցությամբ այս տարի կրթահամալիրը  (ինչպես Հայաստանի բոլոր դպրոցները) շրջանավարտ չի ունենա:

Դպրոցը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում (Սարյան փող. 23), որը շահագրգիռ ծնողներին հնարավորություն է ընձեռնում երեխաներին մեր դպրոցը բերել քաղաքի բոլոր ծայրամասերից ու նույնիսկ մոտակա շրջաններից:

Ներկա պահին “Արեգնազանն” ունի նոր մասնաշենք (նախկին Չկալովի անվան ռուսական, այնուհետև Գարեգին Հովսեփյանի անվան թիվ 30 դպրոցի հիմնական մասնաշենքում), ինչպես նաև կից թիվ 29 ավագ դպրոցի մասնաշենքի փոքր մասը՝ մարզադահլիճ,  անցումով դեպի քիմիայի, գեղանկարչության, պարերի, կրկեսի, թատրոնի և այլնի (կտտացնել համապատասխան կայքէջը)  սրահներ: Ամբողջ դպրոցն այժմ զբաղեցնում է 1500 քառ.մետրից քիչ ավելի տարածք:

Հայաստանում միջնակարգ կրթության հիմնական (այսինքն տարրական  ու միջին) և ավագ դպրոցների առանձնացման կապակցությամբ մեր դպրոցը մոտակա ապագայում ակնկալում է գիմնազիայի կարգավիճակ, ինչպես նաև ավագ դպրոցի արտոնագիր ստանալ՝ այդպիսով իրեն վերապահել ուսումնական գործընթացը սկզբից մինչև վերջ տնօրինելու իրավունքը, ինչը պահանջում է վալդորֆյան դպրոցի (կտտացնել Վալդորֆյան մանկավարժություն կայքէջը) դասավանդման մեթոդիկան ու հայեցակարգը:

Դպրոցում գործում է նաև երկարօրյա, բազմաթիվ խմբակներ՝ զանազան ուղղություններով (երաժշտական՝ թավջութակ, ջութակ, դաշնամուր, սրինգ, կիթար, կա պարային 2 խմբակ՝ ազգային և ժամանակակից պարեր, կրկեսային խմբակ, ձեռարվեստի, կերամիկայի և ֆոտո խմբակներ), մարզական հետևյալ ձևերի խմբեր՝ բասկետբոլ, դզյեսիմոն կարատե, տաէկվոնդո:

Համապատասխան խմբակների ու խմբերի լուսանկարները

Դպրոցը ֆինանսապես ապահովում են առաջին հերթին ծնողների ամենամսյա մուծումները: Կրթահամալիրը որոշ առարկայական օգնություն է ստանում նաև զարգացման արտասահմանյան հիմնադրամներից (գրատախատակներ, գունավոր կավիճներ, գունավոր մոմամատիտներ, ֆլեյտաներ, փուլային ալբոմներ և այլն) (կտտացնել Դպրոցի բարեկամները  կայքէջը): Դպրոցին  երբեմն սատարում է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը,  մասամբ էլ աջակցում են  տեղական հովանավորները:

Այժմ “Արեգնազանը” ավագ օղակի կազմավորման կապակցությամբ  գտնվում է կայացման կարևոր փուլում: Միջնակարգ կրթության նոր համակարգի ձևավորման, այսինքն հիմնական ու ավագ դպրոցների բաժանման, ինչպես նաև դպրոցների մրցակցության զարգացման  պայմաններում, կրթահամալիրը դպրոցի ավագ օղակի ամրապնդման ու վերակազմավորման համար մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել:

Դպրոցն ավագ օղակ՝ աշխատանքի է ընդունել մի շարք փորձված ու հեռանկարային մասնագետների, որոնք պետականորեն  հաստատված ժամանակամիջոցում ու դպրոցական ծրագրերի շրջանակներում կոչված են երիտասարդներին նախապատրաստելու բուհական  ընդունելության քննություններին (կտտացնել “Ավագ դպրոց” կայքէջը):

Pages