Վալդորֆյան մանկավարժությունը “Արեգնազան” դպրոցում

Comments: No Comments

“Արեգնազան” կրթահամալիրը  Հայաստանի առաջին և միակ վալդորֆյան դպրոցն է: 1994 թ.-ից այն ձգտում է գործնականում  իրականացնել իր մանկավարժական իդեալը: Թե ինչքանով է դա  հաջողվում, կարելի է մասամբ դատել գործունեության արդյունքով, որն արտացոլված է, օրինակ, “Դպրոցի շրջանավարտները” կամ “Արձագանքներ” ենթաբաժիններում:

Սակայն, չնայած ընդհանուր մեթոդաբանությանը՝ վալդորֆյան դպրոցները մասամբ կարող են իրարից տարբերվել ոչ միայն օբյեկտիվ չափորոշիչներով, օրինակ՝ նյութական հագեցվածությամբ (որն անհամեմատ զարգացած է Արևմուտքի երկրներում) կամ փորձով (արևելաեվրոպական դպրոցներն անհամեմատ երիտասարդ են արևմտյաններից), այլ նաև ոճով ու անհատական առանձնահատկություններով: Ահա թե ինչու այստեղ մենք կփորձենք ցույց տալ, թե վալդորֆյան մանկավարժությունն ինչպես է կիրառվում հատկապես մեր դպրոցում:


Ներդաշնակ  զարգացում

Ներդաշնակ  զարգացումը վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքն է, որի նպատակը երեխայի տարաբնույթ առանձնահատկություններն ու մարդկային որակները հնարավորինս  համաչափ ու տարիքային հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելն է: Այսպես, մեզ մոտ տարրական դպրոցը հիմնականում դիտարկվում է որպես բնավորության ու խորքային անհատական, այդ թվում և բարոյական որակների կազմավորման ժամանակաշրջան: Միջին դպրոցում շեշտը հիմնականում դրվում է գեղագիտական ու հասարակական զարգացման, ներքին կյանքի հարստության, արվեստի, ստեղծագործականության վրա: Մտավոր ունակությունների զարգացումն ու գիտելիքները գտնվում են ավագ դպրոցի ուշադրության կենտրոնում: Նման մոտեցումը, որն այդքան էլ սովոռական  չէ նախկին խորհրդային դպրոցն ավարտած մարդկանց համար, լիովին իրեն արդարացնում է, քանի որ հանրորեն ընդունված մանկավարժական մոտեցումների համեմատությամբ երեխային զարգացման  ավելի լայն հնարավորություն է ընձեռում:

Դասերը պետք է հետաքրքիր լինեն

Շատերը, հավանաբար անձնական փորձով լավ գիտեն, թե ինչ է նշանակում տարիներով՝ ինչպես կրթական, այնպես էլ ունակությունների զարգացման առումով տաղտկալի, միօրինակ, անարդյունավետ դասերի հաճախելը:  Այդ հիմնահարցը նոր չէ, շատերն են ուշադրություն դարձրել: Այսպես, օրինակ, Յան Ամուս Կոմենսկու նման նշանավոր մանկավարժը, մտորելով իր ուսումնառության տարիների մասին, գրել է, որ դասերը այնքան էին հագեցած ձանձրալի կանոնններով, մեկնաբանություններով ու մեկնաբանությունների մեկնաբանություններով, ինչպես նաև “բարդ հարցերով”, “որ մենք`  խեղճերս, հազիվ էինք հասկանում, թե ինչի մասին է խոսքը” (Commenius J.A. (1657) The great didactic,  New York: Russell and Russell p. 122 – Յան Ամոս Կոմենսկի. “Մեծ դիդակտիկա”, Յան Ամոս Կոմենսկի – “Մանկավարժական երկերի ընտրանի”, Մոսկվա, Ուչպեդգիզ, 1955):

Նման ոճի դասերից խուսափելու նպատակով  մեր դպրոցում մեծ ջանք ու եռանդ է ներդրվում դասերը հետաքրքիր ու նպատակամետ  դարձնելու համար: Գիտության ոլորտում լուրջ ուշադրություն է դարձվում փորձարարությանն ու դիտարկմանը, հարցերի առաջացմանն ու ընկալմանը, ճիշտ դատողականության ու եզրահանգման զարգացմանը:

“Արեգնազան” կրթահամալիրում  հումանիտար առարկաները հնարավորինս տպավորիչ  ու պատկերավոր են դասավանդվում. Այստեղ էլ դրսևորվում է ուսուցչի (հատկապես դասղեկի) ստեղծագործական տաղանդը և դասը վարելու հմտությունը: Բոլոր ոլորտներում մենք ձգտում ենք մատուցվող նյութերի բազմազանության ու սինթեզելու մոտեցման, որի արդյունքում երեխան` որպես աճող անհատականություն, իմացական առավել մեծ սնունդ է ստանում:

Արվեստը ուսուցման կարևորագույն բաղադրատարրն է

Վալդորֆյան դպրոցներում լուրջ ուշադրություն է դարձվում նաև արվեստին, և մերը այդ առումով բացառություն չէ: Փաստ է, որ աշակերտները  հափշտակությամբ  ու հաճույքով  են զբաղվում արվեստով` գրեթե չհոգնելով այդ պարապմունքներից:  Հավանաբար դա բացատրվում է հատկապես արվեստներին բնորոշ վառ արտահայտված ստեղծագործական տարրով, որի հիմքում ընկած է անձնական զգացմունքներով և վերապրումներով ներթափանցված,  ինչ-որ նորը, սեփականը արարելու փորձը:

Այդ պատճառով, որքան դասը հագեցած է լինում արվեստի տարրերով (նույնիսկ այն դասը, որն առաջին հայացքից արվեստի հետ քիչ ընդհանրություն ունի,  սովորական դպրոցներում ավելի ակադեմիական ձևով է դասավանդվում), այնքան աշակերտները մեծ հաճույքով ու հեշտությամբ են պարապում և խորանում նյութի մեջ: Այս գործոնի հմուտ կիրառումը դասավանդումն ու ուսուցուման գործընթացը անհամեմատ գունեղ ու  գրավիչ  է դարձնում: Այդ պատճառով վալդորֆյան դպրոցներում արվեստն առկա է ոչ միայն երաժշտության, թատրոնի, նկարչության և այլնի դասերին, այլև մյուս դասերին:

 

Բարեկամական մթնոլորտը դպրոցում: Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը

Աշակերտի վրա մանկավարժորեն ներգործելու էական բաղադրատարրն է դպրոցի հոգեբանական մթոլորտը: Կարևոր է, որ երեխան հաճույքով դպրոց գա ու ուսումնառության  ընթացքից և շփումներից ոգևորություն զգա: “Արեգնազանը”, ինչպես վալդորֆյան շատ դպրոցներ, առանձնանում է յուրահատուկ մթնոլորտով, որը դժվար է չնկատել: Չնայած միայն լավ մթնոլորտը բավական չէ մանկավարժական ու հանրակրթական գործընթացի հաջողության համար, այնուամենայնիվ այն անհրաժեշտ բաղադրատարր է համարվում, առանց որի, ամենայն հավանականությամբ, անհնարին կլինի քիչ թե շատ նշանակալի հաջողության հասնել:

Այս մթնոլորտն ստեղծվում է ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերության որակով, ինչպես նաև աշակերտների՝ ներդասարանային փոխհարաբերությամբ: Այս ամենը ի շնորհիվ մեր դպրոցում ուսուցիչների՝ կոչմամբ աշխատելու, երեխաներին հարգանքով ու սիրով վերաբերվելու,  որը վերջիններս զգում ու գնահատում են: Շատ ուսուցիչներ մեր դպրոցում աշխատելը գերադասեցին անհամեմատ ավելի ապահովված և հարմարավետ կենցաղին արևմտյան որևէ զարգացած երկրում կամ հեղինակության և աշխատանքի վարձատրման տեսակետից ավելի շահավետ աշխատանքին: Իսկ դա քիչ հավանական է ֆորմալ վերաբերմունքի դեպքում մանկավարժի մասնագիտությանը, որը շատ մանկավարժների համար երկրորդ մասնագիտություն է` հետագայում` ավելի հասուն տարիքում, հետևաբար ավելի գիտակցաբար ձեռքբերված:

 

Ազգային առանձնահատկությունը

Չնայած վալդորֆյան մանկավարժության ունիվերսալությանը, որն ուղղորդված է մարդկային հիմնարար արժեքներին, վալդորֆյան դպրոցներն ունեն իրենց յուրահատկությունը, առաջին հերթին ազգային: Մեծ ուշադրություն է դարձվում մայրենի լեզվին ու գրականությանը, իր երկրի ու ժողովրդի պատմությանն ու մշակույթին, ազգային ավանդույթներին, տոներին և այլն: Ահա թե ինչու յուրաքանչյուր դպրոց ունի իր անկրկնելի ազգային երանգը:

Բացի դրանից, մեր դպրոցը ուշադրություն է դարձնում աշակերտների հոգեբանական որոշակի որակների զարգացմանը, որոնք ի սկզբանե հատուկ չեն հայկական ազգային նկարագրին ու  չեն հանդիսանում ինքնին ենթադրվող բաղադրատարր ժամանակակից հայկական մշակութային ավանդույթում: Ուստի և դպրոցն է ձգտում աշակերտների բնավորությունում արմատավորել պարտաճանաչություն, ճշտապահություն, ժամանակի զգացողություն, սոցիալական կարողություններ և այլն, այսինքն այն, ինչը, որպես կանոն առանձնապես հարկ չի զգացվում ներարկել, դիցուք, գերմանացի կամ նորվեգացի դպրոցականներին:

 

Սոցիալական դաստիարակություն

Մեր դպրոցի աշակերտների դաստիարակության կարևորագույն բաղադրատարր է համարվում սոցիալական ունակությունների զարգացումը, որին համառոտ անդրադարձ եղավ վերևում: Սոցիալական դաստիարակությունը դպրոցում ընթանում է ամեն քայլափոխի, ինչպես ուսուցման ընթացքում, այնպես էլ հետո` դասամիջոցներին, շրջապտույտների, մոտակա ու հեռավոր ուղևորությունների, համադպրոցական միջոցառումների  և այլնի ընթացքում: Ուսուցիչները ջանում են երեխաներին սոցիալական հմտություններ ներարկել ոչ այնքան համոզելու ու բացատրելու միջոցով, այսինքն զուտ տեսականորեն, որքան անձնական օրինակով ու կենսական իրավիճակներում ուղղորդելով, ինչը աշակերտից պահանջում է ուշադրություն շրջապատի նատմամբ ու ճիշտ լուծում գտնելու կարողություն՝ հաշվի առնելով ոչ միայն յուրաքանչյուր աշակերտի  անհատական, այլև  շրջապատող անձանց շահերը: Դպրոցն ավարտելուց հետո դա հեշտացնում է երեխաների՝ արդեն երիտասարդների հետագա սոցիալականացումը տեղական կամ արտերկրյա պայմաններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում ու հասարակական կառույցներում:

Pages