Նորագույն պատմություն

Comments: No Comments

Վալդորֆյան մանկավարժության հիմք հանդիսացող գաղափարների քննարկումները և առաջին զրույցներն տեղի են ունեցել խորհրդային ժամանակաշրջանում, կիսագաղտնի, այն խմբերում, որոնք ձևավորվել են հայ մտավորականների ու իդեալիստ փիլիսոփաների՝ Լևոն (Լև) Սահակյանի, Էդուարդ Աթայանի ու Կարեն Սվասյանի շուրջը:

 

Լև Սահակյան՝ փիլիսոփա, երաժշտահան, գեղանկարիչ, բանաստեղծ

Ծննդյան թիվը՝ 1.06.1926 թ.
Ծննդավայրը՝ Թիֆլիս, Վրաստան
Մահվան տարեթիվը՝ Երևան, Հայաստան, 4.04.2003

Լև Սահակյանը, որն իր բարեկամների միջավայրում ավելի հայտնի էր որպես Լև Վենիամինովիչ, միջնակարգ դպրոցն ավարտել է 1944 թ.-ին, 1946 թ.-ին ընդունվել է Թիֆլիսի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: Ավարտելուց հետո, 1952 թ.-ին Լև Վենիամինովիչը նախ ընդունվել է Թիֆլիսի Դ. Արակիշվիլու անվան 1-ին  երաժշտական ուսումնարան ու 1959 թ.-ի հուլիսին` ավարտելուց հետո, ստացել  մանկական երաժշտական դպրոցներում երաժշտական առարկաների դասավանդման տեսաբան մասնագետի որակավորում: 1961 թ.-ին նա ընդունվում է Թիֆլիսի Վ.  Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիան, հետևում է կոմպոզիցիայի մասնագիտության  դասընթացին, որն ավարտում է 1967 թ.-ին: Հիսուն տարեկան հասակում Լև Վենիամինովիչն առաջին անգամ ծանոթանում է Ռ. Շտայների փիլիսոփայական աշխատություններին, որոնք նրան խորապես հետաքրքրում են:

Կյանքի թիֆլիսյան փուլում Լև Սահակյանն աշխատում է տարբեր կրթական հաստատություններում, օրինակ՝ փիլիսոփայության ինստիտուտում, մի շարք կրթօջախներում դասավանդում է փիլիսոփայություն ու երաժշտության տեսություն: 1969 թ.-ին Լև Վենիամինովիչը տեղափոխվում ու մշտական բնակություն է հաստատում Հայկ. ԽՍՀ մայրաքաղաք Երևանում, որտեղ աշխատանքի է անցնում Երևանի Վ. Յա. Բրյուսովի օտար լեզուների պետական ինստիտուտում՝ որպես փիլիսոփայության ու քաղտնտեսության ավագ դասախոս: Նա նույն ինստիտուտում  մինչև մահը դասավանդել է փիլիսոփայություն ու տրամաբանություն, հիսունհինգ տարեկանում իր մեջ բացահայտել է նկարչի տաղանդ: Առանձնապես հաջող էին ստացվում նրա մանրանկարները: 90-ական թվականներին նա կազմակերպում է մի շարք ցուցահանդեսներ, 1991 թ.-ին՝ Երևանում, 1995 թ.-ին՝ Գերմանիայում:

 

 

Ակադեմիկոս Էդուարդ Աթայան, փիլիսոփա, լեզվագետ

Ծննդյան թիվը՝ 10.02.1932 թ.
Ծննդավայրը՝ Երևան, Հայաստան
Մահվան տարեթիվը՝ Երևան, Հայաստան, 01.01.2002

Էդուարդ Աթայանը 1953 թ.-ին ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը, 1956 թ.-ին՝ “Ընդհանուր լեզվագիտություն” մասնագիտությամբ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1956 թ.-ին բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել կառուցողական շարահյուսության (ընդհանուր լեզվաբանական պլանով) թեմայով ավարտաճառով, 1984 թ.-ին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ “Լեզվի ու վերլեզվյան իրականության հարաբերության կատոգորիական-մեթոդոլոգիական վերլուծությունը” թեմայով:
1957թ.-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանի բանասիրության  ու փիլիսոփայության, ինչպես նաև որակավորման բարձրացման ֆակուլտետներում:
Գլխավորել է տարբեր ամբիոններ, եղել է լեզվական տիպաբանության ամբիոնի պրոֆեսոր:
1986 թ.-ին Էդ. Աթայանը ընտրվում է Հայաստանի հանրապետության ազգային ակադեմիայի թղթակից-անգամ, 1996 թ.-ից՝ իսկական անդամ:
1993 թ.-ից եղել է Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի ակադեմիկոս ու փոխնախագահ:

 

 

Պրոֆեսոր Կարեն Սվասյան, փիլիսոփա, մշակույթի պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Ծննդյան թիվը՝ 02.01.1948 թ.
Ծննդավայրը՝ Թիֆլիս, Վրաստան

1954-1958թթ. Կարեն Սվասյանը սովորել է Երևանի միջնակարգ դպրոցում: 1965-1970թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում  ուսանել է փիլիսոփայություն, ինչպես նաև անգլիական ու ֆրանսիական բանասիրություն: 1971-1993թթ., հանդիսացել է Հայկական ԽՍՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության ու իրավունքի ինստիտուտի կրտսեր, այնուհետև ավագ ու առաջատար գիտաշխատող: 1978թ.-ին Սվասյանը դառնում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու (“Ա. Բերգսոնի ինտուիտիվ  փիլիսոփայության էսթետիկական էությունը”), իսկ 1981թ.-ին՝ փիլիսոփայության գիտությունների դոկտոր (“Խորհրդանիշի հիմնախնդիրը ժամանակակից փիիսոփայությունում”) ավարտաճառերով: 1985 թ.-ին նա Երևանի համալսարանի պրոֆեսոր է, իսկ 1993-94թթ. դառնում է Ա. Ֆ. Հումբոլդտի անվան մրցանակաբաշխության դափնեկիր (Բոնն): 1997 թ.-ին(ամառային կիսամյակ) Կ. Սվասյանը Ինսբրուկի  համալսարանի փիլիսոփայության ու սլավոնագիտության ֆակուլտետների հրավիրված դասախոս էր (իմացության տեսության, խորհրդանիշի տեսության ու գրական թարգմանության դասընթացներ): 1993 թ.-ից մինչ օրս ազատ գրողի ու դոցենտի կարգավիճակով ապրում է  Շվեյցարիայում՝ Բազելում, դասախոսություններով հանդես է գալիս Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում ու Ռուսաստանում: Հիմնականում գրում է ռուսերեն և գերմաներեն:

Կ. Սվասյանի` ռուսերեն լույս տեսած վերջին գիրքը  (“Մարդը նույնացումների լաբիրիթոսում”, Մոսկվա, evidentis, 2009 թ.) Ռուսական ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի, “Վոպրոսի ֆիլոսոֆիի”, “Պոլիտիչեսկի կլաս” ամսագրերի ու “Ռոսիյսկայա գազետա” թերթի հայտարարած նույնանուն փիլիսոփայական աշխատությունների մրցանակաբաշխությունում արժանացել է 1-ին մրցանակի:

 

Առաջին վալդորֆյան նախաձեռնությունները Հայաստանում  ի հայտ են եկել անցյալ հարյուրամյակի 80-ական թվականներին: Այդ ուղղությամբ աշխատել են Երևանի գեղագիտության դաստիարակության կենտրոնի մի քանի խմբերի ղեկավարներ, ինչպես նաև որոշ պետական դպրոցների առանձին մանկավարժներ:

Առաջին շփումները գերմանացի վալդորֆյան մանկավարժների հետ կայացել են 1980-ական թթ. վերջերին, այսինքն Հայաստանում վերակառուցման ու ժողովրդավարության  շրջանում: Հետագայում կազմավորվել է համատեղ խումբ, որի աշխատանքներին մասնակցել են գերմանացի ու հայ մանկավարժները: Այդ հիմքի վրա` 90-ական թվականների սկզբին պետական մանկապարտեզի տարածքում ստեղծվել է առաջին վալդորֆյան մանկական խումբը, իսկ հետագայում` 1992 թ-ին, Մուշեղ Իշխանի անվան պետական դպրոցում` առաջին փոխզիջումային վալդորֆյան դասարանը: Վալդորֆյան սկզբունքների արմատավորումը ավանդական դպրոցում հարթ չի ընթացել, այդ առաջին փորձը հաջողությամբ չի պսակվել:

Առաջին ու տվյալ պահին Հայաստանի միակ վալդորֆյան դպրոցը, փաստորեն, հիմնադրվել է  1994 թ.-ին՝ Գարեգին Հովսեփյանի անվան թիվ 30 դպրոցում (նախկին Չկալովի անվան ռուսական դպրոց, այժմյան “Արենազան” կրթահամալիր): Այդ պահից ամեն տարի սկսել են բացվել վալդորֆյան դասարաններ, 1999 թ.-ին դպրոցը ստացել է այլընտրանքային դասավանդման պետական փորձառական կարգավիճակ  (կտտացնել այդ ժամանակվա նախարարի հրամանը):  2003 թ.-ին վալդորֆյան դասարանների բոլոր հոսքերը 1-ից մինչև 10-րդ դասարան լիովին համալրված էին, համապատասխանաբար 2004 թ.-ը  առաջին շրջանավարտների տարին է:

Վալդորֆյան դպրոցը փաստորեն հիմնադրվել է անցումային ժամանակաշրջանի ճգնաժամային երևույթների վերջում՝ Հայաստանի՝ էներգետիկ ճգնաժամից դուրս գալու (ատոմակայանի թողարկման)  ու Ղարաբաղում ռազմական գործողությունների զինադադարի թվականին: Հայ ժողովուրդը մտավ իրեն բնորոշ արարման  ուղի, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նորարարական լուծումների  որոնման փուլ: Այդ որոնումը ընդգրկեց նաև մանկավարժության ոլորտը:

Pages