Ուսուցման կազմակերպումը

Comments: No Comments

Վալդորֆյան  դպրոցում ուսուցման գործընթացը   սովորական դպրոցներից այլ կերպ է կազմակերպվում: Ուսուցումը սկսվում է հիմնական դասից, որը տևում է մոտավորապես 1 ժամ 40 րոպե, երբեմն փոքր- ինչ քիչ: Այդ  ժամանակամիջոցում վալդորֆյան  մանկավարժությունը օգտագործում է  ընկղման մեթոդը, այսինքն դասավանդումն ընթանում է 3-4 շաբաթվա դասափուլերով: Չորս շաբաթվա, օրինակ,   քիմիայի դասավանդմանը,  որի ընթացքում  աշակերտն ամեն օր խորասուզվում է նյութերի ու նրանց փոխակերպումների աշխարհը, հաջորդում է, օրինակ,  պատմության չորսշաբաթյա ուսուցումն ու խորացումը ֆրանսիական հեղափոխության կամ խաչակրաց արշավանքների նշանավոր պատկերների աշխարհը, որին էլ իր հերթին հաջորդում են մայրենի լեզվի կամ դասական գրականության լարված պարապմունքների շաբաթները:

Ընկղման մեթոդը այժմ կիրառվում է ոչ միայն վալդորֆյան դպրոցներում: Այն հաջողությամբ իրականացվում է հումանիստական` անձին միտված տարբեր մանկավարժական ուղղություններում (օրինակ՝ Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս,  Ռուսաստանի վաստակավոր մանկավարժ,  երեխաների ու դեռահասների անհատականության համալիր ձևավորման պետական-հանրակրթական գիշերօթիկ լիցեյի ղեկավար Ա. Ժ. Շչետինինի համակարգում):  Մեթոդն արմատավորված է անհատի ճանաչողական գործունեության ընթացքի  հենց հիմքում: Ցանկացած անձ, ով հետաքրքրվում է որևէ նոր թեմայով, հենց այդպես էլ վարվում է. որոշ ժամանակ ամբողջ  էությամբ բառացիորեն խորամուխ է  լինում ուսումնասիրվող նյութի իմաստների  ու ենթատեքստերի մեջ: Այլ կերպ ասած՝ ընկղման մանկավարժությունը այսպիսով ուղղակի յուրացնում է կյանքից փոխառած ճանաչողության փորձը:

Վալդորֆյան դպրոցի երեխաները, որպես կանոն, տարվա ընթացքում ունենում են հիմնական առարկաների 2-3 դասափուլեր: Մնացած առարկաները, որոնք մշտական վարժություններ են պահանջում (օրինակ՝  օտար լեզուները,  երաժշտությունը, սպորտը, ձեռքի աշխատանքը, մաթեմատիկան և այլն), դասավանդվում են շաբաթվա  սովորական դասացուցակով, 2-3 անգամ 45 րոպեանոց դասաժամերով: Հաճախ արդյունավետության համար դասարանները կիսվում են, օրինակ՝ մի կեսը պարապում է լեզու, մյուսը՝ զբաղվում արհեստով:

Բոլոր կամ համարյա բոլոր դասափուլերը, իդեալական տարբերակում, դասավանդում է դասվարը կամ դասղեկը: Անշուշտ, եթե մանկավարժական կոլեգիան կամ հենց ինքը` դասղեկը նկատում են, որ վերջինս միջնակարգ դպրոցի աճող պահանջներին զիջում է, նրան խորհուրդ է տրվում տվյալ առարկան հանձնել ավագ դպրոցի մասնագետ մանկավարժին:
Միջնակարգից  հետո դասվարը դասարանը փոխադրում է ավագ դպրոց, որտեղ, դասրանը    խնամակալում են  մեկ կամ երկու դասղեկներ – կուրատորներ: Ուսուցման դասափուլային ձևը ու դպրոցական ժամանակի բաժանումը հիմնական դասի ու դասացուցակային ընթացիկ առարկաների պահպանվում է մինչև դպրոցի ավարտը:

Սակայն դասաժամի բովանդակային  կառուցվածքը դրանով չի ավարտվում:  Ըստ վալդորֆյան դասավանդման՝ բոլոր առարկաները բաժանվում են երեք մասնախմբի.

1. Մտային-ինտելեկտուալ մասնախումբ (ճշգրիտ և բնական գիտություններ, որոշ հումանիտար գիտություններ, որոնք հիմնականում ուղղորդված են մտածողության կարողության զարգացմանն ու գիտելիքների յուրացմանը):

 

2. Հումանիտար մասնախումբ+արվեստ (պատմություն, գրականություն, նկարչություն, երաժշտություն, երգեցողություն և այլն, որոնք հիմնականում ուղղորդված են անձի  ունակությունների, էթիկական ու գեղագիտական առանձնահատկությունների զարգացմանը):

 

3.Գործնական առարկաներ (արհեստ, սպորտ, մարմնամարզություն և այլն), որոնք հիմնականում ուղղորդվում են աշակերտի անհատական ջանքերի ու կամքի կոփմանը:

 

Ավելորդ չէ նկատել, որ այդ բաժանումները պայմանական են, քանի որ նույնիսկ ճշգրիտ գիտությունները, օրինակ՝ երկրաչափությունը կամ մաթեմատիկան, ունեն իրենց գեղագիտությունը, մյուս կողմից էլ պահանջում են, թեև մտավոր, համենայն դեպս նշանակալի, ջանքեր: Արհեստը, իր հերթին, պահանջում է ոչ միայն ուժերի ներդրում, այլ նաև դիզայներական ու կոնստրուկտորական լուծումներ: Բոլոր դեպքերում նման բաժանումը համարվում է արդարացի, քանի որ ֆիզիկայի վարժություն  լուծելիս առաջին հերթին ճանաչողական հիմնախնդիր է լուծվում, իսկ ռանդայով տաշելիս իրական նյութական առարկան է փոփոխության ենթարկվում: Գեղանկարչությունը կամ Ալեքսանդր Մեծի կերպարը առաջին հերթին, հարուցում են գեղեցիկին ու տգեղին, բարուն ու չարին, իմաստունին ու անմիտին առնչվող հարցեր:

Վալդորֆյան մակավարժության վերոհիշյալ առարկայական  մասնախմբերն ուսումնական գործընթացում մատուցվում են ճիշտ նույն հաջորդականությամբ: Այսինքն՝ առավոտյան, որպես կանոն դաասավանդվում են մտային-ինտելեկտուալ  առարկաները, կամ դասափուլային առարկաները անցնում են ավելի ինտելեկտուալ ոճով՝ հանուն գիտելիքի օրգանական  յուրացման, մտածողության զարգացման:

Այնուհետև, կեսօրին ավելանում է արվեստի չափաքանակը, որպեսզի վերականգնվի աշակերտի կորցրած մտավոր ներուժն ու զգացմունքներին սնունդ տրվի: Ուսումնական օրվա վերջը սովորաբար տրամադրվում է սպորտին, արհեստներին և այլն: Այսպիսով Վալդորֆյան մակավարժությունն նաև այս կերպ ձգտում է պահպանել հավասարակշռությունը գլխի մտածողության, սրտի զգացողության ու ձեռքի վարժվածության միջև:

Pages